ՆԱՏՕ-ն կարևորում է ՀՀ նախագահի մասնակցությունը դաշինքի գագաթնաժողովին

16.09.2010, 10:31
ՆԱՏՕ-ն կարևորում է ՀՀ նախագահի մասնակցությունը դաշինքի գագաթնաժողովին
ՆԱՏՕ-ն կարևորում է ՀՀ նախագահի մասնակցությունը դաշինքի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը  չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ նախագահի մասնակցությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Ցանկանում եմ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Աֆղանստանում և Կոսովոյում մեր խաղաղապահ գործողություններին օժանդակելու համար և այդ կապակցությամբ, շատ կարևոր կլիներ Ձեզ տեսնել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ կարևոր որոշումներ են կայացվելու հետագայի վերաբերյալ», - ասել է Սիմոնսը:

ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները պետք է հավանություն տան նոր ռազմավարական հայեցակարգին, որի նախագիծը հրապարակվել է մայիսի 17-ին Բրյուսելում «իմաստունների խմբի» ղեկավար Մադլեն Օլբրայթի կողմից, ում հանձնարարվել էր պատրաստել այն:

Դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը կփոխարինի 1999 թ.-ին ընդունված հայեցակարգին և, ինչպես ակնկալվում է, այդ հայեցակարգում ամրագրված կլինեն միջուկային և էներգետիկ անվտանգության խնդիրները:

Այժմ Աֆղանստանում հայկական խաղաղապահ համակազմը Կունդուզ նահանգում իրականացնում է իր գործունեությունը գերմանական ղեկավարության ներքո ISAF-ի հյուսիսային տարածաշրջնային հրամանատարության կազմում: Համակազմում ներառված են հետևակային դասակը, մեկ բժիշկ-սպա և երեք շտաբային սպաներ: Խաղաղապահների հերթափոխը կիրականացվի կես տարին մեկ անգամ:

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը: Հայկական վաշտը տեղակայված է Կոսովոյի հարավում գտնվող Ուրոշևաց քաղաքում:-0-