«Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակը Հայաստանում կմեկնարկի հոկտեմբերի 11-ին

14.09.2010, 16:34
«Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակը Հայաստանում կմեկնարկի հոկտեմբերի 11-ին

«Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 11-ը, երեքշաբթի լրագրողներին ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Ըստ նրա՝ նախագծի նպատակն է տարին մեկ անգամ մայրաքաղաքում և հանրապետության մարզերում ազգային ֆիլմերի ցուցադրումներ անցկացնել՝ դրանց  հայ հանդիսատեսին ծանոթացնելու և հայկական կինոն հայկական մշակութային կյանքի կարևոր մասը դարձնելու համար։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի տվյալ նախաձեռնությունը միայն կենտրոնին չվերաբերի, այդ պատճառով ֆիլմերի ցուցադրումներ ենք ծրագրում նաև Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում։ Հետագայում նախագծի աշխարհագրությունը կընդլայնվի»,- ասաց Գևորգյանը։

Ծրագրի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմերը կցուցադրվեն դրա համար հարմար բոլոր վայրերում՝ «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Տիկնիկային թատրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի դահլիճներում։

Բացի այդ, մայրաքաղաքի կինոսիրողներին թեմատիկ ֆիլմեր դիտելու  հնարավորություն կտրվի երկու բաց կինոթատրոններում՝ «Կասկադ» համալիրում և Սիրահարների այգում։ 

Ծրագրի շրջանակներում կներկայացվեն հայկական արտադրության ֆիլմերը՝ ինչպես ժամանակակից, այնպես էլ խորհրդային ժամանակ նկարահանված։ -0-