Երևանում միջազգային երկրորդ անիմացիոն փառատոնը կբացվի նոր ֆրանսիական ֆիլմով

07.09.2010, 17:28
Երևանում միջազգային երկրորդ անիմացիոն փառատոնը կբացվի նոր ֆրանսիական ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում սեպտեմբերի 9-13-ն անցկացվելիք ReAnimania միջազգային երկրորդ փառատոնը կբացվի ֆրանսիացի անիմատոր Սիլվանա Շոմեի «Աճպարարը» ֆիլմով, ասաց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:

«Այս տարի մենք ուշադրություն ենք դարձրել նրան, որ փառատոնի շրջանակներում հետահայաց ծրագրից և պրեմիերաների ծրագրից բացի պետք է ցուցադրվեն անիմացիոն ֆիլմեր, որոնք կարևորագույն դեր են խաղում ժամանակակից անիմացիայում: Ավելին, դրանք պետք է նոր ֆիլմեր լինեն», - երեքշաբթի լրագրողներին ասաց Քասունին:

Նրա խոսքերով՝ այս տարի նկարահանված «Աճպարարը» ֆիլմը ձեռք է բերվել փառատոնի կողմից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:

Քասունին ավելացրեց, որ փառատոնին կմասնակցի շուրջ 45 երկիր, ինչը տասը երկրով ավել է, քան նախորդ տարի:

Այս կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մարտենն ընդգծեց ֆրանսիական անիմացիոն ֆիլմով փառատոնի բացման կարևորությունը:

Նա տեղեկացրեց, որ ֆրանսիահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Կաղկանձող կղզի» անիմացիոն ֆիլմը, որը հայ-ֆրանսիական համագործակցության խորհրդանիշ է, հեղինակի ցանկությամբ կցուցադրվի արտամրցութային ծրագրում:

Մարտենը նշեց, որ փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ևս երկու ֆրանսիական անիմացիոն ֆիլմեր՝ պրեմիերա ծրագրի շրջանակներում՝ «Տրիո Բելվիլից» և մանկական ծրագրի շրջանակներում՝ «Քերիթի» ֆիլմերը:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայ անիմացիոն արվեստը վերածնելու, նաև հայ ժամանակակից անիմացիան միջազգային շուկա ու համաշխարհային ասպարեզ դուրս բերելու առաքելություն  ունի:  --0--