Իտալացի դիզայներները կօգնեն Հայաստանին թեթև արդյունաբերության զարգացման գործում

07.09.2010, 16:21
Իտալացի դիզայներները կօգնեն Հայաստանին թեթև արդյունաբերության զարգացման գործում

Իտալացի դիզայներները կօգնեն Հայաստանին թեթև արդյունաբերության զարգացման գործում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը։

Նա նշեց, որ Գյումրու տեխնոպարկի հայեցակարգի շրջանակներում կառավարությունը ծրագրում է Գյումրիում ազատ տնտեսական գոտու կարգավիճակով արդյունաբերական պարկ ստեղծել, որտեղ կզարգանա թեթև արդյունաբերությունն ու ոսկեգործությունը։

Ըստ Միրզոյանի՝ թեթև արդյունաբերությանը կարևորություն տալով՝ 2009թ.-ին նախարարությունը դիզայնի դպրոցի բացման վերաբերյալ բանակցություններ է վարել տարբեր միջազգային կառույցների հետ, քանի որ դպրոցն անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար։

«Իտալացի գործընկերների հետ համաձայնություն կա, մասնավորապես՝ Դիզայնի եվրոպական դպրոցի հետ, որի շրջանակներում այս տարի իտալացի փորձագետները Գյումրիում դասընթացներ կսկսեն»,- ասաց Միրզոյանը։

Ըստ նրա՝ դիզայն դպրոցի առկայությունը թույլ կտա սեփական տեղական մոդելներ մշակել, որոնք կհամապատասխանեն ազգային ավանդույթներին, կոլորիտին և յուրահատկություններին, ինչպես նաև սեփական ոճ ստեղծել հայկական ապրանքի համար։

Գյումրիում տեխնոպարկի սեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:

Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղություններն կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերգործություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները։ -0-