Հայկական բանակը հրաժարվում է կարգապահական կալանքից

07.09.2010, 16:08
Հայկական բանակը հրաժարվում է կարգապահական կալանքից
Հայկական բանակը հրաժարվում է կարգապահական կալանքից

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը, որով կարգապահական կալանքը փոխարինվում է կարգապահական վաշտ ուղարկելով, ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեքշաբթի կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում:

Լսումները կազմակերպել էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական  հանձնաժողովը:

«Օրենքով ճշտվում են շարքայինների, ենթասպաների և սպաների համար նախատեսված կարգապահական տույժերը: Մասնավորապես, կարգապահական կալանքը փոխարինվում է կարգապահական վաշտ ուղարկելով, ինչը ավելի խիստ ռեժիմով ծառայություն իրականացնել է նախատեսում», - ասաց Նազարյանը:

Օրինագծի համաձայն՝ կարգապահական վաշտ ուղարկելու հրամանը կարող է տալ միայն այն անձը, որը զորամասի հրամանատարից ոչ ցածր պաշտոն է զբաղեցնում: Կարգապահական վաշտերը գործում են կայազորային սկզբունքով:

Բացի այդ, պաշտպանության փոխնախարարի խոսքերով՝ օրինագծով հայկական բանակի համար ևս մեկ նոր դրույթ է մտցվել, ըստ որի՝ զինծառայողներին չեն կարող տրվել բանավոր և գրավոր այնպիսի հրամաններ, որոնք հակասում են Սահմանադրությանը, Հայաստանի օրենքներին կամ իրավական ակտերին կամ դուրս են հրամանը տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից: Նման հրաման ստացած զինծառայողը պարտավոր է զեկուցել այդ մասին վերադասին:

Բացի այդ, Նազարյանը նշեց, որ օրինագիծը կարգավորում է բանակում գոյություն ունեցող բարոյահոգեբանական խնդիրները: Մասնավորապես, հրամանատարը պետք է տեղյակ լինի իր ստորադասի բարոյահոգեբանական իրավիճակի մասին և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի ավելի կազմակերպված ծառայություն իրականացնելու համար: Փոխնախարարը նշեց, որ այս նպատակով կստեղծվի հրամանատարի օգնականի առանձին հաստիք՝ սոցիալական-իրավական գծով:

Փոխնախարարը նշեց, որ օրինագիծը 2010-2015 թթ.-ի պաշտպանական բարեփոխումների ծրագրի մի մասն է: Նրա խոսքերով՝ փաստաթղթում ներառված հարցերը, Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, պետք է կարգավորվեն առանձին օրենքով, այն դեպքում, երբ մինչև այսօր գործել է միայն 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության  որոշումը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական  հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն իր հերթին նշեց, որ այսօր գործող օրենսգիրքը հակասում է մի շարք իրավական ակտերի:

«Ըստ էության, մենք չունենք օրենք, ըստ որի՝ հրամանատարներն ու զինծառայողները պետք է իմանան իրենց լիազորությունների և պատասխանատվությունների մասին: Այս օրենքով կսահմանվի զինծառայողների տույժի և խրախուսման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կարգը», - ասաց Կարապետյանը:

«Հրամանատարները պետք է իմանան, թե որտեղ են սկսվում և ավարտվում իրենց լիազորություններն ու իրավունքները, և եթե որևէ հրամանատար չարաշահի իր լիազորությունները, ապա պետք է դրա համար ենթարկվի պատասխանատվության: Այս օրենքի նկատմամբ կամայականությունը պետք է արմատախիլ արվի», - ասաց Կարապետյանն՝ ավելացնելով, բանակում, հատկապես ռազմական իրավիճակում գտնվող երկրում կարգապահությունը պետք է պահպանվի:

Նա նշեց, որ բանակում խնդիրներ կան, այդ թվում նաև նման օրենքի բացակայության պատճառով:

«1996 թ.-ին ընդունվել է միայն կառավարության որոշումը: Միաժամանակ մեծամասամբ վերցվել են Խորհրդային բանակի ավանդույթները, այնտեղ արմատացած և մեզ համար օտար շատ բաներ իրենց տեղն են գտել բանակում, և այս օրենքով դրանք պետք է արմատախիլ արվեն», - ասաց Կարապետյանը:

Նոր օրինագիծը նախատեսում է պատասխանատվության այնպիսի միջոցներ, ինչպիսիք են նկատողությունը, խիստ նկատողությունը, հերթական արձակուրդից զրկելը, արտահերթ վերակարգերը, կարգապահական վաշտ ուղարկելը, գերատեսչական կրծքանշանից զրկելը, ոչ լիարժեք ծառայողական համապատասխանության մասին զգուշացումը, պաշտոնի իջեցումը, զինվորական կոչման իջեցումը, ռազմաուսումնական հաստատությունից հեռացնելը, զինվորական ծառայությունից ազատելը:-0-