Փոքր ՀԷԿ-երը 2020թ.-ին կապահովեն Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի 20 տոկոսը. փոխնախարար

07.09.2010, 13:44
Փոքր ՀԷԿ-երը 2020թ.-ին կապահովեն Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի 20 տոկոսը. փոխնախարար
Փոքր ՀԷԿ-երը 2020թ.-ին կապահովեն Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի 20 տոկոսը. փոխնախարար

2020թ.-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի շուրջ 20 տոկոսը կարող է բավարարվել փոքր հիդրոէներգետիկայի հաշվին, նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

«Այսօր Հայաստանի փոքր ՀԷԿ-երն արտադրում են ընդհանուր էլեկտրաէներգիայի շուրջ 5 տոկոսը, այդ պատճառով համոզված եմ, որ 2020թ.-ի ծրագրերն ամբողջովին իրատեսական են», - տեղեկացրեց նա երեքշաբթի փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի խթանմանն ուղղված՝ նորվեգական Norsk Energi ընկերության նախագծի շնորհանդեսի ժամանակ:

Գալստյանը նշեց, որ հիդրոէներգետիկայի ոլորտում, վերականգնվող էներգետիկայի մնացած ճյուղերի համեմատ, ավելի զգալի հաջողություններ են գրանցվել:

«Վերջին տարվա ընթացքում մեզ հաջողվեց նվազագույնը կրկնապատկել փոքր ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց նա՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ կա դեռ չիրագործված ներուժ:

Ընթացիկ տարվա ապրիլի վերջին տվյալների համաձայն, Հայաստանում գործում է 88 փոքր ՀԷԿ՝ 108 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և էլեկտրաէներգիայի տարեկան 333 միլիոն կՎտ/ժ արտադրության ծավալով: Շինարարության փուլում են ևս 67 փոքր ՀԷԿ-եր՝ 155 ՄՎտ հզորությամբ և էլեկտրաէներգիայի տարեկան 570 միլիոն կՎտ/ժ արտադրությամբ:

Հայաստանում տարեկան արտադրվում է միջինը 5,7 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա:-0-