Հայ ռեժիսորների երկու կինոնկար կներկայացվի «Կինոշոկ-2010» փառատոնի մրցութային ծրագրում

03.09.2010, 18:08
Հայ ռեժիսորների երկու կինոնկար կներկայացվի «Կինոշոկ-2010» փառատոնի մրցութային ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ռեժիսորներ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Վահե Գևորգյանցի «Մեծ տոն» ֆիլմերն ընդգրկվել են ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Կինոշոկ-2010» XIX Բաց փառատոնի մրցութային ծրագրում, «Նովոստի-Արմենիա» գործակալության հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնում:

«Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը կմասնակցի լիամետրաժ ֆիլմերի, իսկ Գևորգյանցի «Մեծ տոն» ֆիլմն ընդգրկվել է «Շոկի սահմաններ» մրցույթում (35-րոպեանոց ֆիլմ)»,- ասաց գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, ֆիլմը «Կինոշոկին» մասնակցելու առաջարկ է ստացել Կարլովի Վարիի (Չեխիա) կինոփառատոնի ընտրական ծրագրի ցուցադրության ժամանակ:

«Մի նայիր հայելուն» ֆիլմի գլխավոր հերոսի անունն, ում մարմնավորել է Ժան Պիեր Նշանյանը, հենց այդպես է՝ Հերոս: Հերոսն ապրում է մեր ժամանակներում: Նա գեղանկարիչ է եղել, այնուհետև արտանկարող է դարձել, իսկ վերջում սկսել է բնորդ  աշխատել: Հերոսը դժվար ժամանակներ է ապրում, վաճառում է այն ամենն, ինչ մնացել է «երբեմնի ճոխությունից»: Եվ հանկարծ նա ստիպված է սրբապատկեր վաճառել: Այդ օրվանից Հերոսը հայելու նայելիս օտար պատկեր է տեսնում սեփականի փոխարեն:

Վահե Գևորգյանցի 35-րոպեանոց «Մեծ տոն» ֆիլմը պատմում է երկու հակառակորդ ճամբարների երկու պատանիների մասին, ովքեր միասին մի լքված գյուղում են հայտնվել պատերազմի ժամանակ: Սովից տառապելով, գոյության պայքարում նրանք ի զորու չեն թշնամիներ մնալ և միմյանց հետ կերակուր են կիսում, շփվում են: Սակայն պատերազմը ստիպում է նրանց բաժանվել և վերադառնալ հարազատների մոտ: Ֆիլմը նկարահանված է Ռուբեն Գևորգյանցի և Գեորգի Կևորկովի սցենարով:

Երկու ֆիլմերն էլ ընդգրկվել են երևանյան «Ոսկե ծիրան» Միջազգային յոթերորդ կինոփառատոնի մրցութային ծրագրում, ընդ որում, «Մի նայիր հայելուն» ֆիլմը ներկայացվել միանգամից երկու ծրագրերում «Հայկական համայնապատկեր» և «Միջազգային խաղարկային ֆիլմ»:

2010 թվականի սեպտեմբերի 12-ից 19-ը Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում կանցկացվի ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Կինոշոկ-2010» XIX Բաց փառատոնը, որին հանգստավայրը ըստ ավանդության ընդունում է 1992 թվականից:

Տասնինը տարի փառատոնն առավել կարևոր, հեղինակավոր կինոֆորումներից է հետխորհրդային տարածքում, որտեղ ժամանակակից կինեմատոգրաֆի նոր անուններ են բացահայտվում, ծանոթանում են կինոյի վարպետների նոր աշխատանքներին: -0-