Մեդվեդևը կոչ է արել ակտիվացնել Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները

03.09.2010, 15:39
Մեդվեդևը կոչ է արել ակտիվացնել Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները
Մեդվեդևը կոչ է արել ակտիվացնել Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումների աշխուժացմանը:

«Այդ ջանքերն (բանակցությունները) արդյունք են տալիս: Ինտենսիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները Մինսկի խմբի շրջանակներում և որպես հարևան: Ես պատրաստ եմ շարունակել շփումները, պատրաստ եմ քննարկել այն ամենաբարդ հարցերը, որոնք մնում են»,- ասել է Մեդվեդևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-