Թուրքիայի կառավարությունը հայ-ադրբեջանական ճակատում տեղաշարժեր է սպասում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն արդարացնելու համար, ասաց Ստամբուլի Բոգազիչի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզկանը (Behlul Ozkan):
«Համոզված եմ, որ բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ հայ-ադրբեջանական խնդիրը մեկ օրում չի լուծվի և հայկական ուժերը Ղարաբաղից դուրս չեն գա, դա անիրական է: Ղարաբաղյան խնդիրը երկարաժամկետ լուծում է պահանջում, այն չի լուծվի մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում», - հինգշաբթի Երևանում լրագրողներին է ասել Օզկանը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է Ղարաբաղի մերձակա տարածքներից հայկական զորքերի սիմվոլիկ դուրսբերում, քանի որ ներկայի ստատուս-քվոն ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ էլ Հայաստանին, որի սահմանների 85 տոկոսը շրջափակված է:
«Ես չեմ ասում, որ հայ-թուրքական սահմանի բացման համար պետք է լուծել ղարաբաղյան խնդիրը, սակայն Թուրքիայի կառավարությանը տեղաշարժեր են հարկավոր հայ-ադրբեջանական հարաբերություններում, որպեսզի Թուրքիայի իշխանությունները կարողանան համոզել իրենց ժողովրդին, որ սահմանը բացվում է այդ պատճառով», - ասաց թուրք փորձագետը:
Նա նշեց, որ ներկա պայմաններում հայկական և թուրքական հասարակությունները շատ հեռու են միմյանցից, այն դեպքում երբ Թուրքիայի բնակչության մեծամասնությունն ադրբեջանամետ տրամադրվածություն ունի:
«Տեսեք, Թուրքիայի մի կողմում նավթով հարուստ և թուրքախոս Ադրբեջանն է, մյուս կողմում՝ փակ սահմաններով և առևտրային հարաբերությունների բացակայությամբ 2,5 միլիոնանոց Հայաստանը», - ասաց Օզկանը:
Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող դիտարկվել հայ-ադրբեջանական հարաբերություններից զատ, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-