ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետը վարկածներ չունի որդու նկատմամբ իրականացված մահափորձի առնչությամբ

27.08.2010, 13:37
ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետը վարկածներ չունի որդու նկատմամբ իրականացված մահափորձի առնչությամբ

ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետի տեղակալ, գնդապետ Սուրեն Սարգսյանը վարկածներ չունի որդու՝ 23-ամյա Նարեկ Սարգսյանի նկատմամբ իրականացված մահափորձի առնչությամբ, ուրբաթ գրում է «Հրապարակ» թերթը:

Չորեքշաբթի Երևանում ժամը 22:15-ին անհայտ անձինք կրակ են արձակել 23-ամյա Նարեկ Սարգսյանի ուղղությամբ, ով հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գնդակը Սագրսյանի ձեռքից մտել է կրծքավանդակ և դուրս եկել կրծոսկրի շրջանում: Այս պահին տուժածի վիճակը կայուն է, բավարար: Գիտակցություն կա, ինքնուրույն շնչում է:

«Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում տուժածի հայրը՝ Սուրեն Սարգսյանը, նշել է, որ բացարձակապես տեղեկություն չունի տեղի ունեցածի պատճառների մասին: Մասնավորապես, այն հարցին՝ հնարավո՞ր է դեպքը կապ ունի իր գործունեության հետ, գնդապետը նշել է, որ «բացարձակապես պատկերացում չունի»:

«Ես տանը նստած, դեպքը տեղի է ունեցել, մենք շքամուտքից տարել ենք հիվանդանոց: Բացարձակապես ոչ մեկին չեմ տեսել, ոչ մեկին դեմքով չգիտեմ, ու՞մ կասկածեմ», - ասել է Սարգսյանը:

Դեպքի վայրում ոստիկանությունը կրակած 10 պարկուճ է հայտնաբերել, որոնք ուղղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Ինչպես նշում է թերթը, դեպքը տեղի է ունեցել անմիջապես զինկոմիսարիատի շենքի հարևանությամբ, սակայն ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, այդ ժամին զինկոմիսարիատում մարդ չի լինում:

Ոստիկանությունից ստացված լրացուցիչ տեղեկատվության համաձայն, ժամը 22:15-ին բակ է մտել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որտեղից էլ անհայտ անձինք հրազենով կրակ են արձակել Նարեկ Սարգսյանի ուղղությամբ:

Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ հարակից շենքերի բնակիչները տեսել են, թե ինչպես «Jeep» մակնիշի ավտոմեքենայով մի խումբ երիտասարդներ են եկել բակ ու «մեր դեմ խաղ չկա» բացականչություններով սկսել են կրակել: Ականատեսներն անգամ նշել են, որ մեքենան եղել է արտասահմանյան համարանիշներով՝ «777»: Սակայն ոստիկանությունից պատասխանել են, թե իրենք նման նման տեղեկություն չունեն:-0-