Սարգսյանն օգտակար է համարում Հայաստանի բիզնես ծրագրերում IFC-ի ներդրումային մասնակցությունը

26.08.2010, 16:24
Սարգսյանն օգտակար է համարում Հայաստանի բիզնես ծրագրերում IFC-ի ներդրումային մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներդրումային մասնակցությունը Հայաստանի հստակ բիզնես ծրագրերում չափազանց օգտակար կլինի, հինգշաբթի Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը և պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը:

Նախագահն ընդգծել է հատկապես բանկային, էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում, գործարար միջավայրի բարեփոխումների և կառավարման համակարգի պարզեցման ուղղություններով ՄՖԿ-ի խորհրդատվական ծառայությունների կարևորությունը, նշելով, որ նաև կոնկրետ գործարար ծրագրերին Կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի:

ՄՖԿ-ի գործադիր փոխնախագահ Լարս Թանելը, խոսելով Հայաստանում Կորպորացիայի գործունեության ընդլայնման և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն: 

Միջազգային ֆինանսական կորպորացիան` IFC (ՄՖԿ) Համաշխարհային բանկի խմբի անդամ է:

Կորպորացիայի գործունեության առաջնահերթություններն են` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցությունը, էներգաարդյունավետության խթանումը` տեղական ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու և կլիմայական փոփոխությունները նվազագույնի հասցնելու համար, բանկերին և ընկերություններին օգնությունը` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները:

Հայաստանը ՄՖԿ-ի անդամ է դարձել 1995թ.:

Կորպորացիան Հայաստանում խորհրդատվական ծառայություններ է սկսել մատուցել 1999 թվականից, իսկ ներդրումներ կատարել` 2000 թվականից: Մինչև այսօր ՄՖԿ-ն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար`18  ծրագրում: -0-