Երևանը պնդում է, որ Ալիևն ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման պետերբուրգյան սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Բաքվի պնդումներին հակառակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման պետերբուրգյան առաջարկները, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման թարմացված առաջարկները, որոնք ստացել են «սանկտպետերբուրգյան առաջարկներ» անվանումը:
Հունիսի 26-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների ղեկավարները «քայլ առաջ են համարում երկու կողմերի կողմից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը»:
Այս սկզբունքների թվում նշված են նաև Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը «նրա բնակչության կամարտահայտության միջոցով, որը պարտադիր իրավական ուժ ունի»:
«Վերջին հանդիպման ժամանակ (Սանկտ Պետերբուրգում) Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահի ներկայությամբ համաձայնություն է տվել ՌԴ նախագահին, որ նրանք ղեկավարվելու են այդ փաստաթղթով», - ասել է Քոչարյանը:
Պետերբուրգյան հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Սանկտ Պետերբուրգում հնչած առաջարկները: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում կողմերին ներկայացվել են աշխատանքային առաջարկներ, ինչը բավականին հաճախ է արվում:
Նա նշել է, որ այդ աշխատանքային առաջարկներն իբրև թե պատրաստվել են միայն մի կողմի մասնակցությամբ, և «նման կերպով Մինսկի խմբի ձևաչափը չի պահպանվել»: Բացի այդ, անմիջապես մեկ օր անց Ադրբեջանը սադրանք է կազմակերպել ԼՂՀ-ի հետ շփման գծի վրա, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այդ սադրանքով Ալիևն իր դժգոհությունն է արտահայտել պետերբուրգյան առաջարկների կապակցությամբ:
«Այն, ինչ հիմա ասվում է, պարզապես տարօրինակ է: Ավելին, ոչ միայն ԶԼՄ-ները, այլև պաշտոնական անձինք փորձում են այդ առաջարկները ներկայացնել որպես միայն կողմից մեկի կողմից արված առաջարկ», - ասել է Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անընդհատ ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ-երկիր, որևէ քայլ չի անում առանց մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ մշտական համաձայնության:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-