Ռուսաստանը պատրաստ է շարունակել միջնորդական առաքելությունը. Մեդվեդև

20.08.2010, 15:23
Ռուսաստանը պատրաստ է շարունակել միջնորդական առաքելությունը. Մեդվեդև

Ռուսաստանը հետագայում նույնպես պատրաստ է շարունակել միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ուրբաթ Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք պատրաստ ենք օգնել այս գործընթացին, աջակցել փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների հիման վրա քաղաքական որոշման որոնմանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբով կատարած ընդհանուր աշխատանքի շրջանակներում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ կապերի շրջանակներում»,- ասաց Մեդվեդևը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-