Հայաստանն աջակցում է Եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ ՌԴ նախագահի նախաձեռնությանը. արտգործնախարար

18.08.2010, 13:37
Հայաստանն աջակցում է Եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ ՌԴ նախագահի նախաձեռնությանը. արտգործնախարար
Հայաստանն աջակցում է Եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ ՌԴ նախագահի նախաձեռնությանը. արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն աջակցում է Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման և ստորագրման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությանը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Պայմանագիրն ունի շատ լավ տարրեր, ինչպիսինն են՝ Ատլանտիկայի և Եվրասիայի միջև գտնվող տարածքի բոլոր պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգությունը», - ասել է նախարարը «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ «անթույլատրելի է, որպեսզի որևէ պետության անվտանգություն ապահովվի մեկ այլ պետության անվտանգության հաշվին»:

«Անթույրատրելի է որևէ պետության մեկուսացումը, այնպես որ մենք ամբողջովին աջակցում ենք այդ նախաձեռնությանը», - ասել է նա:

Այս կապակցությամբ Նալբանդյանը նշել է, որ արտաքին-քաղաքական գործունեության (Հայաստանի և Ռուսաստանի միջև - «Նովոստի-Արմենիա») համակարգումը տեղի է ունենում կողմերի միջև դեռ 1992 թ.-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա:

«Միամյա կամ երկամյա համապատասխան ծրագրերը, խորհրդակցությունները համաձայնեցվում են արտգործնախարարությունների միջև: Միայն 2010 թ.-ին երկու պետությունների արտգործնախարարությունների միջև 12 խորհրդակցություն կանցկացվի», - ասել է նախարարը՝ ավելացնելով, որ գործողությունները համակարգվում են նաև ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի, մի շարք միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ֆորումների շրջանակներում:-0-