Ջիվան Գասպարյանը չի բացառում Թուրքիայում կայանալիք համերգին մասնակցելու հնարավորությունը
Աշխարհահռչակ հայ երաժիշտ, վիրտուոզ դուդուկահար Ջիվան Գասպարյանը չի բացառում Թուրքիայում հայտնի երաժիշտների մասնակցությամբ այս տարի աշնանը կայանալիք խոշոր համերգին մասնակցելու հնարավորությունը:
«Չգիտեմ, կգնամ թե ոչ, ես պետք է խորհրդակցեմ մի քանի ընկերների հետ և հետո վերջնական որոշում կայացնեմ»,- ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց վարպետը:
Երաժիշտը նշեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում, որ Թուրքիայում իր հանդեպ սիրալիր վերաբերմունք են ցուցաբերում:
«Առաջիկա համերգը նվիրված է խաղաղության թեմային, և դրան մասնակցում են տարբեր երկրների երաժիշտները»,- ավելացրեց նա:
Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Գասպարյանը նշեց, որ մինչև տարեվերջ ծրագրում է ելույթ ունենալ ՀՀ երիտասարդ սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ծրագրացանկում մասնավորապես կներառվեն հայկական դասական ազգային ստեղծագործությունները: -0-