Հայաստանն ուսումնասիրում է այլ երկրների փորձը սփյուռքի հետ փոխգործակցության առումով. նախարար

30.07.2010, 14:18
Հայաստանն ուսումնասիրում է այլ երկրների փորձը սփյուռքի հետ փոխգործակցության առումով. նախարար
Հայաստանն ուսումնասիրում է այլ երկրների փորձը սփյուռքի հետ փոխգործակցության առումով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գլոբալիզացիայի պայմաններում սփյուռքահայության ձուլման, նրա ազգային ինքնության պահպանման խնդիրը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է, ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Այդ հարցում մենք կարևոր նշանակություն ենք տալիս սփյուռքի բազմամյա պատմություն ունեցող այնպիսի երկրների փորձի ուսումնասիրմանը, ինչպիսիք են Հունաստանը, Իսրայելը, Իտալիան։ Այդ իսկ պատճառով մենք մեր կլոր սեղանին հրավիրել ենք փորձագետ-սփյուռքագետների այդ երկրներից»,- նշեց Հակոբյանն ուրբաթ պետության և սփյուռքի միջև հարաբերություններին նվիրված կլոր սեղանի ժամանակ։

Ըստ նրա՝ սփյուռքի հետ Հայաստանի հարաբերություններում մի շարք հարցեր են առաջանում. համագործակցության ո՞ր մեխանիզմներն են առավել արդյունավետ, պե՞տք է, արդյոք, Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները կարգավորող որևէ վերպետական մարմին ստեղծել և այլն։

«Մենք գործ ունենք 7 միլիոն մարդկանց, 33 հազար (հայկական) կազմակերպությունների հետ աշխարհի 100 երկրներում։ Ընդ որում սփյուռքի առանձնահատկությունները կտրուկ տարբերվում են՝ կախված բնակության երկրի յուրահատկություններից։ Բացի այդ, սփյուռքը մշտապես փոխվում է, ինչն, առաջին հերթին, կապված է Հայաստանից նոր մարդկանց մեկնման հետ»,- ասաց նախարարը։

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խմբակցության քարտուղար, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն ասաց լրագրողներին, որ փորձի նման փոխանակումը շատ կարևոր է։

«Կարևոր է հասկանալ, որ սփյուռքը շատ բազմատարր երևույթ է, և յուրաքանչյուր երկրին հատուկ մոտեցում է անհարաժեշտ։ Կարևոր է նաև նշել, որ ձուլումն ավելի շատ սպառնում է արտերկիր ապրելու վերջերս մեկնածներին, քանի որ հայրենիքից դուրս երկար տարիներ ապրող մարդիկ ավելի լավ են պահպանում իրենց ինքնությունը»,- ասաց պատգամավորը։

Սաֆարյանն ընդգծեց, որ նոր էմիգրանտները շատ շուտ են հարմարվում նոր միջավայրին, արագ մոռանում են իրենց լեզուն ու մշակույթը, և հիմնական աշխատանքը պետք է տարվի հենց նրանց հետ։

Ըստ նրա՝ Հայաստանը սովորելու բան ունի Իսրայելից և Հունաստանից, քանի որ այդ երկրները սփյուռքի հետ հարաբերությունների ավելի մեծ փորձ ունեն։

Տարբեր գնահատականներով, աշխարհում հայկական սփյուռքն ընդգրկում է 7-9 միլիոն մարդ, ինչը գրեթե երեք անգամ ավելի է Հայաստանի Հանրապետության բնակչությունից (3,2 միլիոն)։ Ամենամեծ հայկական համայնքները Ռուսաստանում են (2,5 մլն հայ), ԱՄՆ-ում (1,5 մլն մարդ), Ֆրանսիայում (700 հազար), Վրաստանում (460 հազար)։ -0-