Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարը հաջող է համարում ՄՊՔ արդյունքները

29.07.2010, 16:04
Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարը հաջող է համարում ՄՊՔ արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը գոհ է Հայաստանում անցկացված ՄՊՔ արդյունքներից և դրանք հաջող է համարում:

Ըստ նրա` 20 հազար վճարովի և անվճար տեղերի համար այս տարի հայրենական բուհերում ՄՊՔ-ին մասնկցելու հայտ էր ներկայացրել  շուրջ 18 հազար շրջանավարտ, որոնցից 16 հազարը բավականին բարձր գնահատականներ են ստացել:

Խաչատրյանը նշեց, որ ըստ ՄՊՔ նախնական տվյալների՝ Հայաստանում այս տարի գրեթե բոլոր մասնագիտություններով անցողիկ բալի նվազում է նկատվում:

«Վերին շեմը մոտավորապես նույնն է, ինչ անցյալ տարի` 36-37 բալ»,- ասաց նա: Միջին բալերի ընդհանուր վիճակագրությունը ներկայացնելով՝ Խաչատրյանն ավելացրեց, որ անցյալ տարվա համեմատ ցուցանիշներն այդքան էլ չեն փոխվել:

Մասնավորապես, ըստ նրա` կենսաբանության միջին բալը 11 է կազմել, ընդհանուր պատմությանը` 13,4. աշխարհագրությանը` 11,6, հայոց լեզվու և գրականությանը` 11,4, մաթեմատիկայինը` 10-10,3, անգլերենինը՝ 13,3, ֆրանսերենինը՝ 14,6, գերմաներենինը` 14,1, ֆիզիկայինը` 10, Հայաստանի պատմությունը` 11,3, ռուսաց լեզվինը` 11,3:

Հայաստանում կրթության ոլորտում թեստավորման համակարգի արդյունավետության մասին խոսելիս Խաչատրյանը նշեց, որ թեստավորման համակարգը չի կարող կատարյալ լինել, սակայն ընդհանուր առմամբ այն որոշակի առավելություններ ունի և թույլ է տալիս որոշել շրջանավարտների գիտելիքների մակարդակը:

Այս տարի ՄՊՔ-ն սկսվել է հունիսի 1-ին և շարունակվել մինչև հունիսի 23-ը: ՄՊՔ-ները անցկացվել են 10 առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։ -0-