Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Սերգեյ Ավերչենկոն և ռազմական կցորդ Եվգենի Վասիլևը հինգշաբթի ծանոթացել են Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում Պատվի բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին, տեղեկացնում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի ծառայությունը։
Բակերարգման աշխատանքները դեսպանության ներկայացուցիչներին է ներկայացրել Պատվի բլրի բարեկարգման հարցերով հանձնաժողովի նախագահ, բարեկարգումն իրականացնող «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։ Հյուրերն, իրենց հերթին, բարձր են գնահատել դրանք:
Անդրանիկ Նիկողոսյանը նշել է, որ Հայաստանը ռուսական հուշարձաններն ու սրբատեղիները վերականգնող միակ երկիրն է տարածաշրջանում:
Պատվո բլրի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսին։
Գյումրի քաղաքում վերականգնվում է «Պատվի բլուր» կոչվող` 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների և զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:
ՀՀ Շիրակի մարզպետի և ՌԴ Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, 2009թ. դեկտեմբերից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը: -0-