ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խանգարի ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններին. ԼՂՀ խորհրդարանի խոսնակի տեղակալ

28.07.2010, 16:56
ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խանգարի ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններին. ԼՂՀ խորհրդարանի խոսնակի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը չի խանգարի ղարաբաղյան հակամարտության  բանակցություններին, հայտնեց ԼՂՀ ազգային ժողովի ղեկավարի տեղակալ Արթուր Թովմասյանը, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:

Չորեքշաբթի ՀՀ ազգային ժողովի փոխնախագահներ Արևիկ Պետրոսյանի և Սամվել Նիկոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Թովմասյանը  կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաև ԼՂՀ-ի  միջազգային ճանաչման գործընթացին:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին խորհրդակցական եզրակացություն է կայացրել, ըստ որի՝ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում:

Այս համատեքստում Թովմասյանը կարևորեց նաև միջխորհրդարանական դիվանագիտության  դերը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձևաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-