Հայաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

28.07.2010, 14:37
Հայաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել և ամրապնդել իր ռազմարդյունաբերական համալիրը, նախօրեին ուշ երեկոյան Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է  ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«ԽՍՀՄ փլուզումից հետո մեր ռազմարդյունաբերական համալիրը հայտնվել է, մեղմ ասած, բարդ իրավիճակում: Հետխորհրդային տարբեր երկրների ռազմարդյունաբերական համալիրների միջև կապերը խզվեցին», - նշել է նա:

Միաժամանակ Բաղդասարյանն ընդգծել է, որ ուժեղ պետության ատրիբուտներից մեկը հզոր և զարգացած ռազմարդյունաբերական համալիրն է, դա է պատճառը, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ երկրի ռազմական ներուժի զարգացման համար: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ երկրում  ռազմարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրների լուծում է նախաձեռնվել, ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Նա հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, այդ թվում նաև՝ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում: Բաղդասարյանի խոսքերով՝ վերջերս Հայաստան են այցելել Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակությունները, որոնք ևս նշել են, որ այդ ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:

«Զարգացած ռազմարդյունաբերական համալիրի առկայությունը նշանակում է երկրի պաշտպանվածություն, սոցիալական խնդիրների լուծում, քանի որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, լուծվում են արտադրության իրացման հետ կապված խնդիրներ», - նշել է Բաղդասարյանը:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ արդեն համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի և Ռուսաստանի իրավասու կառույցների միջև, որը ուղղաթիռների վերանորոգման և ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացման խոշոր կենտրոնի ստեղծում է ենթադրում: Բաղդասարյանը հիշեցրել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ռուսական կողմի հետ տարբեր ոլորտներում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ:

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը դրական զարգացում կունենա», - նշել է նա:

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների պատվիրակության՝ վերջերս Հայաստան կատարած այցի շրջանակներում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմարդյունաբերական բլոկի ոլորտում  հինգ ուղղություններով համագործակցության մասին:-0-