ՀՀ ԳԱԱ-ն ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյան մահվան կապակցությամբ

23.07.2010, 13:55
ՀՀ ԳԱԱ-ն ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյան մահվան կապակցությամբ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խոր վիշտ է ապրում իր արժանավոր անդամի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի` մեզանից հեռանալու տխուր առիթով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ակադեմիայի մամուլի ծառայությունից:

«Մեծ ու ծանրակշիռ են նրա վաստակը և հետևողական ջանքերը գիտության կազմակերպման, հայրենի գիտությունը համաշխարհային գիտության բարձր մակարդակին հասցնելու գործում: Պսակային և ուղեղային արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բնագավառում կատարված նրա հետազոտություններն ունեն կարևոր նշանակություն ֆիզիոլոգիայի և բժշկության համար», - նշվում է ՀՀ ԳԱԱ-ի ուղերձում:

Էմիլ Գաբրիելյանը համընդհանուր ճանաչման արժանացած ականավոր բժիշկ-գիտնական էր, առողջապահության և կրթության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ:   Ավելի քան տասներկու տարի աշխատելով ԳԱԱ փոխպրեզիդենտի պաշտոնում` նա` որպես լայնախոհ մտավորական-գիտնական, մեծ դեր կատարեց ճանաչման արժանացած գիտական դպրոցները պահպանելու, Գիտությունների ազգային ակադեմիան արդի պահանջներին համահունչ դարձնելու գործում: Նա մշտապես կապված մնաց իրեն հարազատ գիտության կաճառի հետ:

«Մեր գործընկերոջ, մեծ մարդու, հայրենասերի և  գիտնականի կերպարը լավագույն օրինակ կհանդիսանա հետագա սերունդների համար: Այս տխուր առիթով խորապես ցավակցում ենք ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի ընտանիքին, հարազատներին  և  գործընկերներին», - նշվում է ցավակցական ուղերձում:

Էնիլ Գաբրիելյանը մահացել է հուլիսի 20-ին ԱՄՆ-ում: Տարբեր տարիների զբաղեցրել է Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարի, Երևանի բժշկական համալսարանի ռեկտորի, ԱՀԿ Առողջության հետազոտման եվրոպական կոնսուլտատիվ հանձնաժողովի անդամի պաշտոնը, ինչպես նաև «Արմենիկում» (ՁՒԱՀ-ի բուժման միջոց) նախագծի ղեկավարն է։ Նա բազմաթիվ միջազգային ակադեմիաների անդամ է, հեղինակավոր ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր:

Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931թ.-ի հունվարի 31-ին Աշտարակ քաղաքում, կրթությունը ստացել է Հայաստանում, որից հետո պրակտիկա է ստացել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի բուհերում։ Ավելի քան 350 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ գրքերի և ձեռնարկների։—0—