Տաթևի ձիթհանում ձեթի մամլիչ է հայտնաբերվել

21.07.2010, 18:02
Տաթևի ձիթհանում ձեթի մամլիչ է հայտնաբերվել
Տաթևի ձիթհանում ձեթի մամլիչ է հայտնաբերվել

Տաթևի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, չորեքշաբթի հայտնել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի լրատվական ծառայությունը:

«Հայտանաբերվել են նաև արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը և կավե կուժերը: Տաթևի Ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում` ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է հիմնադրամը, 17-րդ դարի այս Ձիթհանը ոչ միայն պատմական կարևոր հուշարձան է, այլ վերականգնման աշխատանքների արդյունքում այն կդառնա նաև զբոսաշրջային արդյունք` այցելուներին ներկայացնելով Տաթևի տարածաշրջանի հնադարյան մշակույթի և խոհարարության ավանդույթներից մեկը:

Աշխատանքներն իրականացվում են հետևյալ երեք փուլերով` նախագծում և վերականգնում, հետազոտություն, արդյունքի մշակում և ցուցադրում: Հետազոտական և վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախաձեռնությամբ կազմվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով` բաղկացած վերականգնման, ճարտարապետության և մշակույթի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներից: 

Ըստ ժամանակացույցի՝ հուշարձանը կվերանորոգվի հոկտեմբերին` պատրաստ լինելով ցուցադրության թանգարանային ոճով և այցելուներին ներկայացնելով Տաթևում ձեթի արտադրության ամբողջ պատմությունը: Այնուհետև կընթանան մեխանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առաջապահ նախաձեռնությունն է` հիմնված պետական և մասնավոր ոլորտների համագործակցության վրա: Այն նպատակ ունի վերականգնել և պահպանել Տաթևի վանքը և զարգացնել տարածաշրջանը` նորովի ներկայացնելով դրա հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը և դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերականգնում, վանական և կրթական ավանդույթների վերականգնում, շրջակա յոթ գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում և ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցում: -0-