Գարգին Բ-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ամրապնդվող հարաբերություններով

17.07.2010, 18:30
Գարգին Բ-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ամրապնդվող հարաբերություններով

Շաբաթ օրը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպման ժամանակ  Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել ամրապնդվող հայ-ռուսական հարաբերություններից, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Ողջունելով ՌԴ փոխվարչապետի այցն ամենայն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների առավել սերտացման և նորանոր ոլորտներում ձևավորվող համագործակցության առիթով, հաջողություն մաղթեց Ժուկովի առաքելությանը Հայստանում»- ասվում է հաղորդագրության մեջ։

Վեհափառ Հայրապետը նաև գնահատանքով անդրադարձավ ռուսաստանաբնակ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ՌԴ իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչպես նաև հայորդիների բերած կարևոր ներդրմանը երկրի տնտեսական և մշակութային կյանքում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, Հայ և Ռուս Եկեղեցիների ջերմ հարաբերություններին և հոգևոր առաքելության իրագործմանը երկու ժողովուրդների կյանքում:

Հանդիպմանը ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: -0-