Հայ-թուրքական կինոհարթակը կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը. թուրք ռեժիսոր

17.07.2010, 18:10
Հայ-թուրքական կինոհարթակը կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը. թուրք ռեժիսոր
Հայ-թուրքական կինոհարթակը կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը. թուրք ռեժիսոր

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում ստեղծված հայ-թուրքական կինոհարթակը կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը, շաբաթ օրը հայ լրագրողներին ասաց թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն։

Կինոհարթակն առաջին անգամ ներկայացվել է 2009թ.-ի ապրիլին՝ Ստամբուլի 28-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Կինոհարթակի շրջանակներում երիտասարդ հայ և թուրք կինոռեժիսորները վեց համատեղ ֆիլմեր կստեղծեն, որոնք պատրաստ կլինեն 2011թ.-ի վերջին։

Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմը, որը «Յուսուֆի եռերգությա» վերջին մասն է, 2010թ.-ի Բեռլինի 60-րդ կինոփառատոնի «Ոսկե արջ» է ստացել և մտել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի Երևանյան պրեմիերաների ծրագրի մեջ։

«Երբ ես զբոսնում էին Երևանի փողոցներով, զգում էի ինձ, ինչպես իմ տանը։ Ես զգում էի, որ մենք շատ ընդհանուր խնդիրներ ունենք։ Մեր քաղաքական գործիչները կարող են խիստ դիրքորոշումներ ունենալ, սակայն մենք մեր ֆիլմերով և մշակույթով պետք է կիսենք այդ ցավը և համախմբվենք»,- ասաց Կապլանօղլուն։

Թուրք ռեժիսորը հատուկ ընդգծեց, որ վերջին տարիներին Թուրքիայում, հատկապես թուրքական կինոյում շատ հաճախ են սկսել խոսել և նկարահանել վաղուց փակված, արգելված թեմաներով։ Կապլանօղլուն հատուկ նշեց թուրք մտավորականության դերն այդ հարցում և թուրքական հասարակության մեջ այդ փոփոխությունները դրական անվանեց։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տպավորությունների մասին խոսելիս Կապլանօղլուն հետագա համագործակցության  հույս հայտնեց։

«Ես կցանկանայի, որպեսզի իմ ընկեր Հրանտը (Դինք) այս ամենի ականատեսը  դառնար»,- ավելացրեց ռեժիսորը։ -0-