Մարմարաշեն գյուղի բնակիչը կորցրել է ձեռքը գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

16.07.2010, 14:22
Մարմարաշեն գյուղի բնակիչը կորցրել է ձեռքը գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Մարմարաշեն գյուղի մի երիտասարդ բնակիչ գազալցակայանում գազի բալոնի պայթյունի հետևանքով կորցրել է ձեռքը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն` նախօրեին երեկոյան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող  գազալցակայանում տեղի է ունեցել «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնի պայթյուն:

Մասիս քաղաքից անհապաղ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես պարզվել է, պայթյունի հետևանքով վարորդը` Մարմարաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Գալստյանը, ձախ ձեռքի անդամահատումով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, այնուհետև Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:-0-