Ադրբեջանցի հակերները կոտրել են АРМ РУ հեռուստաընկերության կայքը. գլխավոր տնօրեն

13.07.2010, 11:24
Ադրբեջանցի հակերները կոտրել են АРМ РУ հեռուստաընկերության կայքը. գլխավոր տնօրեն

 Հուլիսի 10-ին ադրբեջանցի հակերները կոտրել են АРМ РУ հեռուստաընկերության www.tvarm.ru պաշտոնական կայքը, հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Տաթևիկ Աղամիրյանը։

«Արդյունքում ռեսուրսի պարունակության մի մասը ոչնչացվել է։ Կայքի գլխավոր էջում հակահայկական կարգախոսներ և վիրավորանքներ են հայտնվել, իսկ հեռուստաընկերության տվյալների բազայում առկա էլեկտրոնային հասցեներին ցենզուրայից դուրս նամակներ են ուղարկվել»,- նշեց նա։
 
Ըստ Աղամիրյանի, չնայած հեռուստաընկերությունն ընդամենը 3 ամիս է եթերում (2010թ.-ի ապրիլի 1-ից), գործունեությունն արդեն որոշակի ռեզոնանս է առաջացրել, ինչն էլ գրավել է ադրբեջանական կողմի ուշադրությունը։

 «Ցանկացած գործողություն հակազդեցություն է նախատեսում։ Այդ մասին հայտնելով՝ մենք ցանցում տեղեկատվական պատերազմի կոչ չենք անում։ Մենք պարզապես ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ինտերնետը բաց տարածություն է, որը նախատեսված չէ օտար տարածքը կեղտոտելու համար»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը։

Այժմ կայքը սովորական ռեժիմով է գործում։ -0-