ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական դիվերսիան իրականացվել է միջազգային հանրության թողտվությամբ կամ պատվերով. պատգամավոր

02.07.2010, 14:10
ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական դիվերսիան իրականացվել է միջազգային  հանրության թողտվությամբ կամ պատվերով. պատգամավոր

Հունիսի 18-ին Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում իրագործված ադրբեջանական դիվերսիան հնարավոր դարձավ միջազգային հանրության թողտվությամբ կամ պատվերով՝ հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր մտցնելու անհրաժեշտության հաստատման նպատակով, կարծում է «Ժառանգություն» հայկական ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներթափանցել զինված դիվերսիոն խումբ: Ծավալված մարտի արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Կան զոհեր և վիրավորներ: Ղարաբաղի կողմից զոհվել է չորս զինվոր, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում է թողել մեկ զոհ:

«Ամեն անգամ, երբ միջազգային հանրությունն ակտիվանում է և սկսում է համոզել հասարակությանը, որ հրադադարի ապահովման նոր ձևեր են պետք, նրա թողտվությամբ կամ պատվերով մարդկային զոհեր են լինում»,- ասաց նա։

Ալավերդյանն ընդգծեց, որ «Ժառանգությունը» դեմ է հակամարտության գոտի խաղաղապահ ուժեր մտցնելուն, քանի որ, ըստ նրա, խաղաղապահներին գրեթե երբեք չի հաջողվել կատարել իրենց վրա դրված առաքելությունը։

«Տասնվեց տարվա ընթացքում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը ցույց տվեցին, որ հրադադարը պետք է պահպանվի առանց արտաքին ուժերի»,- նկատեց նա։

Պատգամավորի կարծիքով՝ գերտերություններն իբր «խաղաղապահ» օպերացիայի օգնությամբ ցանկանում են տարածաշրջան մտցնել իրենց զինված ուժերը և հաստատել իրենց ազդեցությունն այնտեղ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-