«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ԼՂՀ կարգավիճակի որոշման նոր հանրաքվեի անցկացմանը

02.07.2010, 13:49
«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ԼՂՀ կարգավիճակի որոշման նոր հանրաքվեի անցկացմանը

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը դեմ է նոր հանրաքվեի անցկացմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման նպատակով, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

«Ժառանգությունը» դեմ է, որպեսզի հանրաքվեն կամ դրա անցկացման համաձայնությունը շահարկումների առարկա դառնան կամ այլ նպատակներ ունենան»,- ասաց Ալավերդյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների վերջերս արած հայտարարությունը։

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների ղեկավարները «քայլ առաջ են համարում երկու կողմերի կողմից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը»: Այս սկզբունքների թվում նշված են նաև Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը «նրա բնակչության կամարտահայտության միջոցով, որը պարտադիր իրավական ուժ ունի»:

Ալավերդյանի կածիքով՝ գերտերությունները շահագրգռված են միայն տարածաշրջանում իրենց ազդեցության հաստատմամբ, մասնավորապես, այնտեղ խաղաղապահ ուժերի դիմակի տակ իրենց զինված ուժերի մուտքով, ոչ թե հակամարտության արդար կարգավորմամբ։

Պատգամավորն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն երկու անգամ ազատ կամարտահայտության ճանապարհով հանդես է եկել անկախության օգտին՝ 1991 և 2006 թվականներին, և նոր հանրաքվեի անհրաժեշտություն չկա։

Ալավերդյանն ավելացրեց նաև, որ ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների կողմից կարգավորման բազային սկզբունքների ընդունման փոխարեն ճանաչեր ԼՂՀ անկախությունը և շարունակեր բանակցություններն՝ արդեն ելնելով այդ իրողությունից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-