ԱՄՆ-ի Կոնգրեսի Կոմիտեն հաստատել է ֆինանսական օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին

01.07.2010, 17:00
ԱՄՆ-ի Կոնգրեսի Կոմիտեն հաստատել է ֆինանսական օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Կոմիտեն հաստատել է ֆինանսական օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների կոմիտեն հաստատել է 2011 թ.-ի բյուջեն, որի համաձայն` Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը կկազմի 44 միլիոն դոլար, հինգշաբթի տեղեկացրեց Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հատկացվող չորս միլիոն դոլարն ավելի շատ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախատեսած գումարից, սակայն չորս միլիոնով ավելի քիչ է, քան նախորդ տարվա հատկացումը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Կոմիտեում ԱՀԱԿ-ի աղբյուրները տեղեկացրել են, որ կոմիտեի նախագահ Նիտա Լոուեի (Nita Lowey) գլխավորությամբ մի խումբ հայամետ կոնգրեսականներ քվեարկել են, որպեսզի ԱՄՆ վարչակազմը 10 միլիոն դոլարի հասցնի Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը: Այդ գումարը 2 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Նաև տեղեկացվում է, որ կոմիտեն որոշել է պահպանել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը` Երևանին և Բաքվին հատկացնելով 3,5-ական միլիոն դոլար որպես ռազմական օգնություն և 450 հազարական դոլար` ռազմական կրթության կարիքների համար:

ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ափսոսանք է հայտնել, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափն աստիճանաբար պակասում է, սակայն միաժամանակ ուրախությամբ փաստել է, որ աճում է Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության չափը:

«Մենք սենատում մեր գործընկերների հետ աշխատելու ենք Ադրբեջանին տրամադրվող օգնության չափը զրոյացնելու և այդ միջոցները Լեռնային Ղարաբաղին ուղղելու, ինչպես նաև Հայաստանի օգնության չափն ավելացնելու ուղղությամբ», - ասել է Համփարյանը:--0--