Օտարալեզու դպրոցների բացումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը. Բաղդասարյան

25.06.2010, 14:47
Օտարալեզու դպրոցների բացումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը. Բաղդասարյան
Օտարալեզու դպրոցների բացումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը. Բաղդասարյան

Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը, կարծում է Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների՝ դպրոցներում օտարալեզու ուսուցման ներմուծում ենթադրող փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը։

«Պետք չէ շահարկել այս հարցը։ Օտարալեզու ուսուցումը որևէ կերպ չի իրականացվի մայրենի լեզվի հաշվին»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ըստ նրա, մեկուկես հազար հանրակրթական դպրոցներին զուգընթաց երկու մասնավոր օտարալեզու դպրոցների առկայությունը չի կարող սպառնալ երկրի ազգային անվտանգությանը։

«Ինչ վերաբերում է ինը միջպետական դպրոցներին, ապա դեռ պետք է գտնել ինը կառավարություններ, որոնք կցանկանան Հայաստանում դպրոցներ բացել։ Օրենքը միայն նման հնարավորություն է նախատեսում»,- ընդգծեց Բաղդասարյանը։

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին կառավարության օրինագծի նախնական տարբերակը մեծ արձագանք ստացավ հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ էին օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը: Այս ամենի արդյունքում կառավարությունը զգալի փոփոխություններ է մտցրել օրինագծի մեջ:

Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 12 դպրոց ստեղծել նախկին 15-ի փոխարեն, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում: Մասնավոր դպրոցներում օտար լեզվով ուսուցումը կիրականացվի 7-րդ դասարանից, իսկ միջպետական համագործակցության շրջանակներում ստեղծված դպրոցներում՝ միայն ավագ դասարաններում, այսինքն՝ 10-12 դասարաններում:-0-