ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչները հերթական հանդիպումն են անցկացրել ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի հետ և համաձայնության են եկել շարունակել խորհրդակցությունները ղարաբաղյան հարցի վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային Ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախորդ հանդիպման ժամանակ, հայկական կողմի առաջարկության համաձայն, հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմով. երկու կողմից էլ մասնակցում էին ընդդիմության մեկական ներկայացուցիչ:
Հայկական կողմից մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը և ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Ադրբեջանական կողմից մասնակցեցին Սաբիր Հաջիևը և Սամադ Սեիդովը:
Հայաստանի ներկայացուցիչները նշել են, որ առաջընթաց կարելի է համարել այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ողջամիտ գտնվելով, ընդունեց, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, և որ ԵԽԽՎ որևէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձևաչափը:
ԵԽԽՎ նախագահն ավելի վաղ առաջարկել է վերստեղծել Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը, որն էլ նա համաձայնել է գլխավորել։ Այդ առաջարկությունն առաջացրել է հայկական կողմի անհամձայնությունը։
«Մեր հիմնական պնդումը եղել և մնում է նույնը` կողմերի միջև խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին, մասնավորապես` ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ համապատասխան փորձ և ինստիտուցիոնալ կարողություն չունենալով ինչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ որևէ ձևաչափ հակամարտության կարգավորման հարցում»,- նշել են հայ պատվիրակները:
Հարությունյանի և Ռուստամյանի խոսքերով, շտապողականությունն այս հարցում անընդունելի է և վտանգում է ԵԽԽՎ վարկը:
«Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները»,- ասել են նրանք։
Նկատի առնելով վերոնշյալը՝ կողմերի միջև որոշում է ընդունվել խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Մենք առաջարկեցինք նաև ըստ անհրաժեշտության խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամներին:
«Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը միշտ բացառել է ցանկացած ձեւաչափով որևէ համագործակցություն: Ակնակալում ենք, որ Բաքուն պաշտոնապես կհաստատի երկու պատգամավորների արտահայտած այդ դիրքորոշումը: Մենք մասնակցում ենք այս խորհրդակցություններին այն գիտակցությամբ, որ մեր ժողովուրդների և հասարակությունների միջև վստահության մթնոլորտի առաջացումը անհրաժեշտ միջավայր է ստեղծում արդյունավետ բանակցային գործընթացի համար»,-հայտարարել են Դավիթ Հարությունյանը և Արմեն Ռուստամյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-