Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը Գերմանիայի հետ. Սարգսյան

23.06.2010, 10:48
Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը Գերմանիայի հետ. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը Գերմանիայի հետ:

«Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը նաև բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես, եվրոպական և եվրատլանտյան կառույցների խորհրդարանական մարմինների շրջանակներում», - ասել է ՀՀ նախագահը Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ երեքշաբթի Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ:

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ խորհրդարանական դիվանագիտությունը, որպես երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակ, պետք է լավագույնս կիրառել` ի շահ երկու ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, ինչի մասին է վկայում Հայաստան և Հարավային Կովկասի այլ երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունների հաճախականությունը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Բունդեսթագի նորակազմ «Կովկաս» բարեկամական խմբի և Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով նախորդ տարիների ավանդույթը:

Սարգսյանն ու Լամերտը անդրադարձել են նաև տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

Բունդեսթագի նախագահը կարևորել է այդ երկրների` Եվրամիության հետ սերտ գործակցության ձգտումը, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի վերաբերյալ նշել, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ընդունի եվրոպական չափանիշները:-0-