Թուրքիայի քաղաքականությունը չի նպաստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Սարգսյան

23.06.2010, 10:38
Թուրքիայի քաղաքականությունը չի նպաստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Սարգսյան
Թուրքիայի քաղաքականությունը չի նպաստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Սարգսյան

Պաշտոնական Անկարայի այսօրվա քաղաքականությունը չի նպաստում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ մի հարաբերություն չկա, և, ցավոք, այդ նոր ուղին մեզ ոչ մի լավատեսություն չի ներշնչում», - ասել է ՀՀ նախագահը` պատասխանելով հայ-թուրքական գործընթացի վրա Թուրքիայի նոր քաղաքականության ազդեցության մասին հարցին:

Սարգսյանը հիշեցրել է, որ 2008 թ.-ին Հայաստանը նախաձեռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը` միաժամանակ գիտակցելով, որ այդ հարաբերությունները կարող են ձևավորվել մեծ քաղաքական կամքի դրսևորման դեպքում:

«Մենք նման կամք չտեսանք թուրքական կողմի մոտ, և տեսանք, որ նույնիկ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվում Թուրքիայի խորհրդարանի կողմից: Եվ նման պայմաններում մենք կասեցրեցինք դրանց վավերացումը մեր խորհրդարանում», - հայտարարել է Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: --0--