Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կնշանավորի Թուրքիայի՝ ղարաբաղյան գործընթացին միջամտելու փորձերի ձախողումը. փորձագետ

17.06.2010, 16:07
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կնշանավորի Թուրքիայի՝ ղարաբաղյան գործընթացին միջամտելու փորձերի ձախողումը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կհաստատի այն փաստը, որ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը միջամտելու փորձերը անհաջողության մատնվեցին, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, փորձագետ  Կարեն Բեքարյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով աշխատանքային այցով հունիսի 17-19-ը կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով: Ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«2009 թվականը նշանավորվել է կողմերի՝ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումներով, և Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն ընթանում էին կարգավորմանն ակտիվորեն մասնակցելու թուրքական դիվանագիտության փորձերին զուգընթաց: Սակայն այս տարի միջազգային հանրությանն, ինչպես նաև Բաքվին և Անկարային, պարզ դարձավ, որ Թուրքիան այստեղ անելու ոչինչ չունի»,- նշեց Բեքարյանը:

Փորձագետը կարծում է, որ չարժե կտրուկ փոփոխություններ ակնկալել կարգավորման գործընթացում առաջիկա հանդիպումից հետո, սակայն այն փաստը, որ բանակցությունները շարունակվում են, ինքնին դրական երևույթ է:

«Կարծում եմ, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերի դիրքորոշումներում  որոշակի մեղմացում կնկատվի, որը պայմանավորված է գործընթացից Թուրքիայի վերջնական հեռացմամբ: Բանն այն է, որ Ադրբեջանն ավելի վաղ խստացրել էր իր դիրքորոշումը՝ թիկունքին զգալով ուժեղ եղբոր ներկայությունը: Ւսկ Հայաստանը խստացրել էր իր դիրքորոշումը, քանի որ Թուրքիայի մասնակցությունը ոչ օբյեկտիվ էր համարում»,- ընդգծեց Բեքարյանը:

Ըստ նրա՝ կողմերն առաջիկա բանակցություններին հանդես կգան ավելի կառուցողական դիրքերից:  
 
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-