Հայաստանում անհրաժեշտ է օտարալեզու թեքումով դպրոցներ բացել. ՀԺԿ առաջնորդ

02.06.2010, 18:09
Հայաստանում անհրաժեշտ է օտարալեզու թեքումով դպրոցներ բացել. ՀԺԿ առաջնորդ

Հայաստանում անհրաժեշտ է օտար լեզվի ուսուցման թեքումով դպրոցներ բացել, այդ կարծիքին է Հայաստանի Ժողովրդական  կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը լեզվի և հանրակրթության ոլորտում օրենսդրական փաթեթ է մշակել, որը թույլ կտա հայկական դպրոցներում ներդնել  օտարալեզու կրթությունը՝ բուհական համակարգում գործող համանման համակարգի նմանությամբ։ Դա դժգոհություն է առաջացրել հասարակության որոշ  շրջանակներում։

«Անհրաժեշտ է խրախուսել ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն և այլ օտար լեզուների ուսուցումը, սակայն դա առավել ճիշտ կլինի անել թեքումով դպրոցների միջոցով»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Դեմիճյանը։

Միաժամանակ ՀԺԿ առաջնորդը նշեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի հանրակրթական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան։

«Ամեն մի նախարար այս ոլորտը սկսում է իր ճաշակով բարեփոխել։ Այս համակարգը փորձերի համակարգ է դարձել»,- ընդգծեց նա։

Այսօր Հայաստանում գործում է ավելի քան 1450 դպրոց, որոնցից երկուսը ռուսական են, սակայն այդտեղ կարող են սովորել միայն ՌԴ քաղաքացիներն ու ծագումով ոչ հայերը։ -0-