Չինաստանը Հայաստանին 20 մլն յուան կտրամադրի տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար

02.06.2010, 15:53
Չինաստանը Հայաստանին 20 մլն յուան կտրամադրի տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/.  ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանն անհատույց օգնության կտրամադրի 20 միլիոն չինական յուանի չափով, որն ուղղվելու է տեխնիկական-տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Չորեքշաբթի Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, երկու երկրների միջև տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել։

Երկու երկրների կառավարությունները ստորագրել են նաև նամակ և ուղերձ երկու երկրների կառավարության անունից։ Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցզըինը։

Նամակով և ուղերձով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է շտապ օգնության 88 մեքենա։-0-