Թուրքիայի հայկական համայնքը կարող է տուժել թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումից. փորձագետ

01.06.2010, 18:00
Թուրքիայի հայկական համայնքը կարող է տուժել թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումից. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի հայկական համայնքը կարող է տուժել թուրք-իսրայելական հարաբերությունների սրացման պատճառով, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը նախորդ գիշեր օպերացիա է իրականացրել վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, նավատորմի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում նվազագույնը 600 իրավապաշտպաններ, որոնց մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Համաշխարհային ԶԼՄ-ների տվյալներով՝ այս պահին իսրայելական հատուկ օպերացիայի զոհերի թիվը հասել է 19 մարդու։ Իսրայելցիները հաստատում են ինը մարդու մահը։

«Այս օրերին Թուրքիայում աճել են հակասեմիթական տրամադրությունները, որոնք առանց այդ էլ ուժեղ էին...Եթե դրանք ուժեղանան և վերածվեն հանրահավաքների և ակցիաների, ապա հայկական համայնքը ևս չի կարող խուսափել վտանգից», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Մելքոնյանը։

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ Թուրքիայի հրեական համայնքը լուրջ վտանգի մեջ է, սինագոգերն ու հրեաներին պատկանող օբյեկտները գտնվում են պետական վերահսկողության տակ հնարավոր հարձակումների պատճառով։

«Ինչպես ցույց է տալիս պատմությունը, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների վրա հարձակումների դեպքում տուժում են նաև հայերը։ Օրինակ՝ 1955 թ.-ին, երբ Թուրքիայում հարձակվեցին հույների վրա, տուժեցին նաև հայերը, բազմաթիվ եկեղեցիներ և հայկական տներ թալանվեցին, բազմաթիվ հայեր սպանվեցին», - հիշեցրել է նա։

Այժմ Թուրքիայում բնակվում է շուրջ 70 հազար հայ։ Թուրքիայում հայկական համայնքի թիվը կտրուկ կրճատվեց 1915-1923 թթ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին։-0-