Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցությունների ճանապարհով. ՌԴ դեսպան

25.05.2010, 16:11
Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցությունների ճանապարհով. ՌԴ դեսպան
Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցությունների ճանապարհով. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցությունների ճանապարհով, որոնք արդյունքում պետք է կողմերին հանգեցնի այն ըմբռնմանը, որ անհրաժեշտ է հասնել փոխադարձաբար ընդունելի փոխզիջումների, երեքշաբթի ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Միայն այդ կերպ տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղություն վերականգնել, վերադարձնել ժողովուրդների վստահությունն ու փոխադարձ հարգանքը»,- ասաց Կովալենկոն՝ ելույթ ունենալով «Կովկասի իրավիճակն ու տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովին:

Դեսպանը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է խթանել հակամարտության երկրների միջև երկխոսությունը բարձր մակարդակով, ինչպես նաև որպես Մինսկի խմբի միջնորդ՝ այն ձևաչափերում, որոնք հենց կողմերն են համաձայնեցնում:

«Կարգավորմանը հասնելու գործընթացը դանդաղ է ընթանում, բայց այլ բան է կարևոր՝ այն շարունակվում է խաղաղ պայմաններում և աստիճանաբար ավելացնում է դրական ներուժը»,- ասաց նա:

Կովալենկոն ընդգծեց շարժման հետևողականությունը պահելու անհրաժեշտությունը, հակամարտության կողմերի հարաբերությունների նոր որակի վերհանումը՝ հրաժարվել ուժ գործադրելուց և ուժային սպառնալիքից:

«Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր խնդիր է»,- ասաց դեսպանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-