ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքներ ստեղծելուն

21.05.2010, 15:00
ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքներ ստեղծելուն
ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքներ ստեղծելուն

ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի սահմանին ենթակառուցվածքներ ստեղծելուն, հայտարարեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար Օննո Սիմոնսը:  

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

«Իր կողմից ԵՄ-ն պատրաստ է աջակցել այն ամենին, ինչը վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին ենթակառուցվածքների ստեղծմանը, մաքսային կարգավորմանը, ներուժի զարգացմանը, մարդկանց շփումների զարգացմանը»,- ուրբաթ ասաց Սիմոնսը Երևանում «Կովկաս 2009» միջազգային համաժողովի ժամանակ։

Ըստ նրա՝ ԵՄ-ն շատ ուշադիր հետևել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բանակցային գործընթացի դինամիկային՝ ի սկզբանե ողջունելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը։

Ինչպես նշեց Սիմոնսը, ԵՄ-ն դեռ հույս ունի, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն և անհապաղ կյանքի կկոչվեն։ 

«Եվրոպական Միությունը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի միջև ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կապերի հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ այնքան էլ խելամիտ չէր լինի անտեսել այն ազդեցությունը, որ կողմերը գործադրում են միմյանց վրա»,- ասաց Սիմոնսը։

Սիմոնսը նշեց նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը շատ լրջորեն կազդի տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա՝ նպաստելով ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի դրույթների իմպլեմենտացիային։

«Այդ գործընթացներն ազդում են միմյանց վրա, և դրանք զարգանում են, դրանցից յուրաքանչյուրը գործում է իր տրամաբանությանը համաձայն։ Բայց միաժամանակ  անհրաժեշտ է նաև ապահովել այդ գործընթացների դինամիկան»,- ասաց նա։

1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-