Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունը մինչև հունիսի վերջ 28 հրշեջ մեքենա կստանա Ճապոնիայից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը։
«Ինձ զեկուցեցին, որ դրանք արդեն Կոբե քաղաքի նավահանգստում են... Եվ ամենաուշը հաջորդ ամսվա վերջին մեքենաները կլինեն Հայաստանում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար։
Բարսեղյանը հայտնեց, որ այդ մեքենաներից հինգը զինված են 10 հազար լիտր տարողությամբ, 19-ը՝ 3,5 հազար լիտր, երկուսը՝ հազար լիտր, մյուս երկուսը զինված են հատուկ շարժասանդուղքով։
Մեքենաները կփոխանցվեն Փրկարար ծառայությանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջև համաձայնագրի շրջանակներում։ -0-