Վանաձորում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել սննդային թունավորմամբ

18.05.2010, 10:58
Վանաձորում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել սննդային թունավորմամբ

Սննդային տոքսիկաինֆեկցիա նախնական ախտորոշմամբ ավելի քան քսան դեպք է արձանագրվել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Վանաձորում (Լոռու մարզ, Երևանից 145 կմ դեպի հյուսիս), տեղեկացնում է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ներկայում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 24 մարդ։ 

Ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը մեկնել է Վանաձոր և տեղի մասնագետների հետ համաճարակաբանական հետազոտություններ իրականացրել:

Հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու, ինչպես նաև վարակի փոխանցման գործոնը պարզաբանելու նպատակով հիվանդների կողմից նշված բոլոր սննդատեսակների նկատմամբ սահմանվել է հսկողություն` ինչպես իրացման, այնպես էլ արտադրության վայրերում:

Իրականացվել են  կասկածելի սննդատեսակների նմուշառում (ձու, էկլեր, խմելու ջուր) և սննդի արտադրության աշխատակիցների և հոսպիտալացված հիվանդների մանրէաբանական հետազոտություններ:

Առողջապահության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել միաժամանակ: Բոլոր հիվանդները նշում են միանման հիվանդության սկիզբ` սրտխառնոց, բազմակի փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում` մինչև 38-39օC, որն ուղեկցվել է դողով և սարսուռով։

«Սա բնորոշ է սննդային տոքսիկաինֆեկցիային, մասնավորապես` սալմոնելոզին, որն էլ հաստատվել է հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշներում մանրէաբանական հետազոտության արդյունքում  սալմոնելա  էնտերիտիտիսի հայտնաբերմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ներկա պահին հոսպիտալացված հիվանդների վիճակը կայուն է, համաճարակաբանական և բուժական աշխատանքներն առողջապահության նախարարության անմիջական հսկողության տակ են գտնվում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը, տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել։ -0-