Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում. Ֆիշեր

17.05.2010, 18:13
Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում. Ֆիշեր
Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում. Ֆիշեր

Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կարծում է չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը:

«Ես վստահ եմ և հաստատում, որ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- երկուշաբթի Երևանում կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Ֆիշերը:

Միաժամանակ նա նշեց, որ «Հայաստանը պետք է չափազանց հավասարակշռված լինի այդ հարցի շոշափման ժամանակ»:

«Ամեն ինչ պետք է գրագետ լուծում ունենա դիվանագիտական տեսանկյունից, մտածված, որպեսզի պատերազմի չհանգեցնի և կողմերից ոչ մեկը չտուժի: Կարծում  եմ, որ Հայաստանը ճիշտ ճանապարհին է»,- ասաց Ֆիշերը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չեխ գործընկերների կշռադատված ու հավասարակշռված մոտեցումները:

Նա նաև կարևորեց այն փաստը, որ չեխական կողմը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն այն միջոցն է, որը թույլ կտա այդ հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-