Ուժեղացվել է հոգեպես անառողջ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը

17.05.2010, 16:31
Ուժեղացվել է հոգեպես անառողջ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները երկուշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ են կատարել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում։

Ինչպես հայտնեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը, լրացումները պայմանավորված են Հայաստանի կառավարության միջոցառումների ծրագրի պահանջներով և ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումների, բացերի լրացման անհրաժեշտությամբ։

«Լրացումներով կարգավորվում է հոգեկան հիվանդություններով տառապող և հոգեբուժական հիվանդանոցներում բուժում ստացող մարդկանց իրավունքների և շահերի իրականացման հետ կապված հարաբերությունների ողջ շրջանակը։ Նման հաստատություններում կտեղադրվեն բուժում անցնող անձանց իրավունքների վերաբերյալ հատուկ հիշեցումներ»,- ասաց Ղուկասյանը։

Հաստատություններում երաշխավորվում է նաև հեռախոսային և փոստային կապի ծառայությունների տրամադրումը։ Մասնավորապես, լրացումների համաձայն, հոգեբուժական հիվանդանոցներում կտեղադրվի ամենաքիչը մեկ տաքսոֆոն և մեկ փոստարկղ այն տեղերում, որոնք հասանելի են հոգեկան հիվանդություններից տառապող անձանց համար։

«Հոգեբուժական հաստատություններում բուժում ստացող հիվանդներին երաշխավորվում է այցելուների հետ հանդիպումների իրավունք բուժհիմնարկի կարգին համապատասխան»,- ընդգծեց նա։

Լրացումների համաձայն, հոգեբուժական հաստատությունների հիվանդներին երաշխավորվում է նաև թարմ մամուլ, անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու իրավունք։ -0-