Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան գործընթացում ձեռնտու չէ Ռուսաստանին. թուրքագետ

14.05.2010, 14:16
Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան գործընթացում ձեռնտու չէ Ռուսաստանին. թուրքագետ

Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի բխում Ռուսաստանի շահերից, ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։ 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը վերջերս հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան կարգավորման Մինսկի խումբը հետագայում էլ հաջող գործի այդ ուղղությամբ, ապա Անկարան դիտարկում է բանակցային այս գործընթացին իր մասնակցության հարցը։

Սակայն Երևանը դեմ է Թուրքիայի ներգրավմանը Մինսկի խմբի կազմում՝ կասկած հայտնելով ղարաբաղյան հարցում թուրքական կողմի օբյեկտիվությանը։

«Եթե ենթադրենք, որ Թուրքիան ներգրավվել է այս գործընթացում, ապա դա կնշանակի Ռուսաստանի տարածաշրջանային մրցակցի ներգրավում»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Սաֆրաստյանը։

Միաժամանկ թուրքագետը հստակեցրեց, որ այսօրվա դրությամբ  տարածաշրջանային երկրներից ղարաբաղյան կարգավորման միջնորդի դեր է խաղում միայն Ռուսաստանը։

«Այսպիսով՝ Ռուսաստանի շահերից չի բխում տարածաշրջանային որևէ այլ երկրի ներգրավումը միջնորդական գործունեության մեջ»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ «այս հարցում կարելի է հանգիստ լինել»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-