ԵԽԽՎ ղեկավարը կշարունակի Ղարաբաղի հարցով ոչ պաշտոնական հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ

14.05.2010, 10:59
ԵԽԽՎ ղեկավարը կշարունակի Ղարաբաղի հարցով ոչ պաշտոնական հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ
ԵԽԽՎ ղեկավարը կշարունակի Ղարաբաղի հարցով ոչ պաշտոնական հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ

ԵԽԽՎ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է կառույցում Ղարաբաղի հարցով հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հետ հանդիպումները շարունակելու մտադրության մասին։

«Նախագահի պաշտոնին անցնելու պահից ես լսել եմ երկու կողմերի կարծիքները, ոչ պաշտոնական հանդիպումներ եմ անցկացրել պատվիրակությունների ղեկավարների հետ։ Մենք համաձայնության ենք հասել շարունակել ոչ պաշտոնական հանդիպումները և ընդգրկել դրանցում յուրաքանչյուր կողմի ընդդիմության մեկ ներկայացուցչի, մինչև չհասնենք լուծման և ձևաչափի, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ»,- ասաց նա ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսում։  

Չավուշօղլուն նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ն հստակ դիրքորոշում ունի, որն արտահայտվում է մի շարք բանաձևերում, այդ թվում 2005 թվականի 1416 բանաձևում, որով ԵԽԽՎ-ն հատուկ պահանջներ է ներկայացնում և հանձանարարականներ է տալիս կողմերին։ Ինչպես հիշեցրեց ԵԽԽՎ ղեկավարը, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են կատարել հանձնարարականները, իսկ ԵԽԽՎ-ն պարտավոր է անցկացնել տվյալ գործընթացի մոնիտորինգ։
 
ԵԽԽՎ 1416 բանաձևը հիշեցնում է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը ԵԽ-ին անդամակցելիս պարտավորվել են օգտագործել հակամարտության կարգավորման միայն խաղաղ միջոցներ, դատապարտում է ատելության ցանկացած դրսևորում Ադրբեջանի և Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում։ Վեհաժողովը դիմել էր իր Բյուրոյին Լեռնային Ղարաբաղի մասով հատուկ կոմիտե ստեղծելու խնդրանքով։

Ինչպես հիշեցրեց Չավուշօղլուն, կոմիտեն գործել է մինչև նրա նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահը, սակայն արդեն մեկ տարի է, ինչ համաձայնություն ձեռք չի բերվել ղեկավարի պաշտոնի և կառույցի ձևաչափի վերաբերյալ։ ԵԽԽՎ ղեկավարը հայտնեց, որ ԵԽ-ն ՆԱՏՕ-ի պես ռազմականացված կառույց չէ և չի կարող միջամտել հակամարտություններին, սակայն իրենից երկխոսության հարթակ է ներկայացնում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-