FAO-ն կշարունակի օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

13.05.2010, 19:15
FAO-ն կշարունակի օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը
FAO-ն կշարունակի օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը, ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

FAO գլխավոր տնօրենը Հայաստանում է՝ մասնակցելու հանար Երևանում մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին։

«Մենք գոհ ենք Հայաստանի հետ երկկողմ համագործակցության մակարդակից»,- ասել է Դիուֆը՝  դրա լավագույն վկայությունը համարելով համատեղ իրականացված ծրագրերի ծավալն ու տրամադրված ռեսուրսները: Նա նաև ողջունել է աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը:

2008-2009 թվականներին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության  կազմակերպությունը Հայաստանին կոնկրետ ծրագրերի շրջանակներում 1,8 մլն դոլարի աջակցություն է ցուցաբերել:

Ողջունելով համաժողովի անցկացումը Հայաստանում` նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ջանքերն աշխարհում սովահարությունը նվազագույնի հասցնելու և հաղթահարելու գործում:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև կազմակերպության ներդրած ավանդը գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարձրացման, սննդի անվտանգության ապահովման, գյուղմթերքների արտադրության և, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության զարգացման գործում

Նշելով, որ կազմակերպությունն իր զեկույցներից մեկում բարձր է գնահատել գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը` Սարգսյանն ասել է. «Այդ որոշակի հաջողություններում մենք տեսնում ենք նաև ձեր կազմակերպության դերակատարությունը, դրանք նաև երկկողմ համագործակցության արդյունք են»:

Սարգսյանը համագործակցությունը կարևորել է ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև այն փորձառության, աշխատանքի մշակույթի տեսանկյունից, որ նրանք բերում են Հայաստան:--0--