Արցախը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացից. հարցում

12.05.2010, 17:10
Արցախը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացից. հարցում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Հայաստանի ելքը միակ ընդունելի տարբերակն է, որը Հայաստանը որպես աջակցություն կարող է առաջարկել տվյալ խնդրի լուծման համար, չորեքշաբթի Ղարաբաղում անցկացված սոցհարցման արդյունքները ներկայացնելով՝ լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցմանը ԼՂՀ 35 բնակավայրերի 16 ընտրական շրջաններից մասնակցել է 1400 մարդ: Ամեն համայնքից հարցմանը մասնակցել է շուրջ 100 մարդ:

«Բանակցային գործընթացից դուրս գալով՝ Հայաստանը կդադարի հակամարտության կողմ լինելուց և հանդես կգա որպես հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավոր և կողջունի կողմերի ցանկացած փոխադարձ համաձայնություն»,- ասաց Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի՝ հակամարտության կողմերը Ղարաբաղն ու Ադրբեջանն են, և Հայաստանը պետք է հակամարտության լուծման հարցը թողնի հակամարտության այդ կողմերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-