ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկը Հայաստան կժամանի 2010 թվականի հոկտեմբերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, այցի հետ կապված հարցեր են նախօրեին Ստրասբուրգում քննարկել Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սամուել Զբոգարը։
Զբոգարի խոսքերով, Սլովենիայի նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բնագավառում՝ նկատի առնելով, որ պետության ղեկավարին կուղեկցի ձեռնարկատերերի մեծ խումբ։
Երկու երկրի ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների, իրավապայմանագրային բազայի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման հնարավորություններին վերաբերող հարցեր։ -0-