Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Թուրքիայի ներառումն ապագայում լիովին իրական է, այդ կարծիքին է թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Վերջին ժամանակներս տարբեր ԶԼՄ-ներում ավելի հաճախ տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ Թուրքիան փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալ, որում այժմ երեք երկիր է ներառված՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, սակայն պաշտոնական Երևանը կտրականապես դեմ է դրան։
«Մինսկի ձևաչափում Թուրքիայի ներառումը լիովին հնարավոր է, եթե մոտակա երկու-երեք տարիներին հայ-թուրքական հարաբերությունները սկսեն կարգավորվել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Շաքարյանը։
Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ ներկայումս Հայաստանը պատրաստ չէ դրան։ «Չնայած Թուրքիան այսօր որոշակի քայլեր է ձեռնարկում, Այդուհանդերձ, պաշտոնական Երևանը դեռ պատրաստ չէ Թուրքիային ընդունել որպես ղարաբաղյան հակամարտության միջնորդ»,- ընդգծեց փորձագետը։
Ըստ Շաքարյանի՝ երբ բացվեն սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև, Հայաստանը կարող է համաձայնել Թուրքիայի ներգրավմանը՝ որպես ղարաբաղյան հակամարտության գործընթացի միջնորդ՝ որպես զիջում սահմանի բացմանը։
Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծեց, որ Թուրքիայի ներառումը ԵԱՀԿ ՄԽ կազմում նախևառաջ կախված է ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրամիությունից։
«Հնարավոր է, որ գերտերությունների քաղաքական սակարկությունների արդյունքում Թուրքիան սկզբում կարող է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դառնալ, դրա հետ մեկտեղ ապագայում այն նաև կարող է Խմբի համանախագահ դառնալ»,- ասաց Շաքարյանը։
Դրա հետ մեկտեղ թուրքագետը հիշեցրեց, որ պաշտոնական Մոսկվան արդեն հայտարարել է, որ պատրաստ չէ Թուրքիային դիտարկել որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ լիարժեք համանախագահ-անդամի, թեև ռուս-թուրքական հարաբերությունները բավականին դինամիկ կերպով զարգանում են, և Ռուսաստանը Թուրքիայի համար կարևոր առևտրային գործընկեր է համարվում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։--0--