Հայաստանի պետծառայողները չպետք է կուսակցական լինեն. ՔԾԽ ղեկավար

10.05.2010, 14:52
Հայաստանի պետծառայողները չպետք է կուսակցական լինեն. ՔԾԽ ղեկավար
Հայաստանի պետծառայողները չպետք է կուսակցական լինեն. ՔԾԽ ղեկավար

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանն առաջարկում է օրենսդրական մակարդակով արգելել ՀՀ քաղծառայողներին կուսակցության անդամ լինել:

«Եթե մենք Հայաստանում կարողանանք մեր մեջ քաղաքական կամք գտնել և ֆիքսել նման համակարգի անցնելու քաղաքական նպատակահարմարություն, ապա պետական ծառայության համակարգը դրանից զգալիորեն կշահի», - երկուշաբթի լրագրողներին ասաց Բադալյանը:

Նա նշեց, որ մի շարք դեպքերում տպավորություն է ստեղծվում, թե ծառայողներին պաշտոններին նշանակելու հարցում կոալիցիոն կուսակցություններն իրենց շահերը ավելի բարձր են դասում, քան պետականները, ինչն անընդունելի է:

«Քաղծառայության ողջ տրամաբանությունում փիլիսոփայությունը հետևյալն է. քաղաքացիական ծառայությունը մասնագիտացված գործունեություն է՝ անկախ քաղաքական ուժերի հարաբերությունների փոփոխությունից: Քաղաքական գործիչները պետք է գան և գնան, իսկ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող քաղծառայողները պետք է շարունակեն իրենց գործունեությունը», - ասաց Բադալյանը:

Նրա խոսքերով՝ ամեն քաղծառայող պետք է պետության կառուցման շահն ավելի բարձր դասի, քան իր սեփական կամ նեղկուսակցական շահը: ՔԾԽ ղեկավարը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը ստիպում է ծառայողներին «ամեն գրպանում պահել մեկական կուսակցական տոմս», ինչը մարդկանց դեգրադացիայի է տանում:

Բադալյանը հայտարարեց, որ առաջիկայում խորհուրդն ավելի հետևողականորեն է նշելու ծառայողների նման անբարեխիղճ վերաբերմուքը՝ նշելով, որ ՔԾԽ-ն բավականին անկախություն և լիազորություններ ունի, որպեսզի աշխատի այդ ուղղությամբ և կատարելագործի համակարգը:

Միաժամանակ նա նշեց, որ վերջին հինգ տարվա ընթացքում այս ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել: Բադալյանը տեղեկացրեց, որ 2002 թ.-ից, չնայած մի շարք նախարարների փոփոխությանը, շուրջ 25 ղեկավարներ շարունակել են իրենց աշխատանքը:

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում այս պահին ութ հազար մարդ է աշխատում:

Ապրիլի 29-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՀՀ նախարարությունները կօպտիմալացվեն: Նրա խոսքերով՝ այժմ աշխատանքներ են ընթանում նախարարությունների գործառույթների ճշտման ուղղությամբ, ինչից հետո կհաստատվեն նրանց նոր կանոնադրությունները՝ ճշտված գործառույթներով, զուգահեռաբար աշխատանքներ են տարվում բիզնես-գործընթացների նկարագրման ուղղությամբ:-0-